«Գազպրոմը» գազի գնի զեղչ կտրամադրի թուրքական մասնավոր ընկերություններին. Коммерсантъ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մի քանի ամիս տևած բանակցություններից հետո համաձայնել է զեղչ տրամադրել թուրքական մասնավոր ընկերություններին, որոնց հասնում է ռուսական գազի ներկրման ավելի քան մեկ երրորդը: Այդ մասին հաղորդում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների:
Խոսքն Enerco Enerji, Bosphorus gas, Avrasya gaz, Shell, Bati Hatti, Akfel gas և Kibar Enerji ընկերությունների մասին է: Մինչ այժմ ընկերությունները ստիպված են եղել 1.000 խորանարդ մետրի համար վճարել 374 դոլար, ինչը գերազանցում է Եվրոպայում շուկայական ընթացիկ մակարդակը: Այժմ առաջին եռամսյակում գինը կկազմի 1.000 խորանարդ մետրի համար 300 դոլարից քիչ, երկրորդ եռամսյակում՝ մոտ 260 դոլար:
Նոր համաձայնագիրը կգործի հետին թվով՝ հունվարի 1-ից մինչև տարվա վերջ, այսինքն՝ «Գազպրոմը» պետք է վերադարձնի ներկրողներին արդեն արված վճարումների մի մասը, Коммерсантъ-ի հաշվարկներով՝ 250-300 միլիոն դոլար:
2014 թվականին Թուրքիան «Գազպրոմից» 27,3 միլիարդ խորանարդ մետր գազ է գնել, որի հիմնական ծավալը պատկանել է Botas պետական ընկերությանը, որի հետ «Գազպրոմը» նույնպես զեղչի վերաբերյալ բանակցություններ է վարում: Ի սկզբանե ենթադրվում էր, որ մասնավոր ներկրողները զեղչ կստանան «Գազպրոմի» և Botas-ի բանակցությունների ավարտից հետո. մասնավոր ընկերությունների համար ներկրման գինը պետք է լինի ավելի ցածր, քան պետական ընկերության համար, որպեսզի նրանք կարողանան աշխատել Թուրքիայի սուբսիդավորվող ներքին շուկայում:










