Այս պահին առաջնահերթ խնդիր է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելը. Նաիրա Զոհրաբյան

11:10 • 05.05.15

Այս պահին առաջնահերթ խնդիր է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը` կալանքը, րոպե առաջ փոխելը, ինչով էլ  մի քանի գործընկերների հետ Ն. Զոհրաբյանը զբաղվելու է:
 

Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ   Էրեբունու ժամանակավոր պահման  մեկուսարանում հանդիպել է Գոհար Ենոքյանի հետ:


 

«Տիկին Ենոքյանի առողջական  վիճակն այնպիսի չէ, որ նա կարողանա մնալ մեկուսարանում և երեկ արդեն նրա մնալն իր մեջ լրջագույն խնդիր է պարունակում, որովհետև նա նոր է վիրահատություն տարել, ունի բարձր ճնշում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը և ավելացրեց. «Երեկ  զրուցել եմ իր հետ,  իրեն մոտավորապես ներկայացվել է թե ինչի համար է գտնվում ձերբակալված անձանց ժամանակավոր պահման մեկուսարանում։  Տիկին Ենոքյանը, բնականաբար, մեղադրանքը համարում է կատարյալ աբսուրդ, դետեկտիվի վերջին ժանրից,  բայց այս պահին հարցի իրավական կողմին չեմ անդրադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հատուկ քննչական ծառայությունն  իր տարբերակը չի ներկայացրել` հստակ պարզաբանմամբ»:


Հիշեցնենք, որ 73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, սպանության նախապատրաստության կասկածանքով։
Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս վարկածներ չքննարկել, քանի դեռ ՀՔԾ-ն հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ և  նկատեց,  որ  ՀՔԾ-ն նման պարզաբանմամբ պետք է հանդես գար դեռ երեկ:


«Որովհետև  ձերբակալվել է նախկին պատգամավոր, հանրային դեմք, և հանրությանը պետք է պատշաճ կերպով տեղեկացվեր, թե ինչու է 73-ամյա կնոջ նկատմամբ ընտրվում կալանքը՝ որպես խափանման միջոց, և այդ ինչ  հանրային վտանգ կարող է ներկայացնել տիկին Ենոքյանը, և ինչպես կարող է խոչընդոտել  նախաքննությանը»,- ասաց նա։


Ի պատասխան հարցի, թե Գոհար Ենոքյանը մնում է  ԲՀԿ անդամ, Նաիրա Զոհրաբյանը հաստատական պատասխան տվեց և ավելացրեց. «Սակայն այստեղ որևէ կապ չունի կուսակցականությունը: Կրկնում եմ` երբ   նախաքննական մարմինը պատշաճ ձևով կտեղեկացնի   հանրությանը գործի մանրամասները, նոր կանդրադառնանք հարցի իրավական կողմին»:


Իսկ հարցին, թե կարծում է  Գոհար Ենոքյանը, որ իր դեմ քաղաքական ինչ-որ բան է նախապատրաստվել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ որևէ նման բան Գոհար Ենոքյանը իր հետ զրույցում չի ակնարկել: