Նաիրիտի՝ արդեն նախկին աշխատակիցները կրկին պահանջում են իրենց աշխատավարձերը
Այսօր «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցները կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։
«Չեմ էլ հիշում ՝ քանի ամիս չեմ ստացել, հաշիվը կորցրել եմ, 18 ամիս է, ոնց որ չեմ ստացել, երկու ամիսը մեկ, կոպիտ ասած, մեղա Աստծո, թուլափայ են տալիս, ասում են՝ դե գնացեք ապրեք: Ախր մենք ողորմություն չենք խնդրում, մենք մեր քրտինքով վաստակած աշխատավարձն ենք պահանջում»-Tert.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Ասլանյանը, ով, ի թիվս մի շարք այլ աշխատողների, նույնպես կրճատվել է։
«Ես չեմ բողոքում, որ կրճատել են, 18 տարեկանից ընդունվել եմ գործարան, այսօր 72 տարեկան եմ, մի ամիս առաջ եմ կրճատվել, այդքան նույն արտադրամասում աշխատել եմ, էլեկտրաարտադրամասում՝ որպես հիմնական էլեկտրոակումլյատորչիկ»,-ասաց նա:
Համլետ Ասլանյանը հույս չունի, որ «Նաիրիտը» նախկին թափով երբևէ կաշխատի, իսկ նման վիճակի է հասել, ըստ նրա, «որոշների մեծ ախորժակի պատճառով»:
«Լավ չէին կառավարել, չեն էլ կառավարում: Ներդրումներ էին անում, ու փոխարենը ճիշտ նպատակին ծառայեցնեն, այդ ներդումները, կոպիտ բառով ասեմ, լափել են, 18 փոխտնօրեն ունեինք, ամեն մեկը 7 մլն դրամ աշխատավարձ էր ստանում, ինչի պատճառով էլ բերեցին հասցրեցին այս վիճակին՝ ստելով, խաբելով: Կառավարությունը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի գործարանն աշխատեցներ»,-ասաց նա:
Նա ավելի քան վստահ է, «Նաիրիտի» արտադրանքի պահանջարկը մեծ է. «Պետք է կազմակերպիչ լինի, որ ներդրումներ անեն, արտադրեն, հումք բերեն։ Չկա, ոչինչ չկա, որովհետև գումարները չկան»:
Նաիրիտի էլեկտրալաբորատորիայի՝ արդեն նախկին ինժեներ Մանվել Ղևոնդյանը հստակ հիշում է՝ 17 ամիս է՝ չի ստացել աշխատավարձ, բայց հույս էլ չունի, թե կստանա, թե չէ. «Բայց միևնույնն է, գալու ենք այնքան, մինչև աշխատավարձ ստանանք»։










