Միջազգային փրկարարական խմբերն իշխանությունների խնդրանքով հեռանում են Նեպալից
Միջազգային որոնողափրկարարական խմբերը Նեպալի իշխանությունների խնդրանքով սկսել են լքել երկիրը, որտեղ ապրիլի վերջին ավերիչ երկրաշարժ էր գրանցվել: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Նեպալի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է ria.ru-ն:
Ավելի վաղ Հնդկաստանում Նեպալի դեսպան Դիպ Կումար Ուպադհյաին հայտնել է, որ Նեպալում որոնողափրկարարական գործողությունը մոտեցել է վերջնական փուլին, որին կհաջորդի վերականգնման փուլը: Նա հավելել է, որ խնդրանքը, որ օտարերկրյա փրկարարները լքեն երկիրը, չունի քաղաքական ենթատեքստ, այն թելադրված է միայն նրանով, որ որոնողափրկարարական աշխատանքները գրեթե ավարտված են, և դրանից հետո նեպալցիները կարող են բավարարվել սեփական ուժերով:
«Մենք խնդրել ենք նրանց լքել երկիրն անցած գիշեր, և շատ խմբեր արդեն հեռացել են»,- ասել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լակսմի Դհակալան:
Նեպալցի փրկարարներին երկրաշարժից հետո օգնության են ուղարկվել 34 երկրներից որոնողական խմբեր:
Հնդկաստանի հարևան Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել ապրիլի 25-ի առավոտյան։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7.500-ի:










