Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել սպառազինությունների մատակարարումը Թուրքիա

14:29 • 05.05.15

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել սպառազինությունների և ռազմատեխնիկայի մատակարարումը Թուրքիա: Այդ մասին հայտնել են ռուսական խոշորագույն զենքի մատակարար «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երեքշաբթի օրը Ստամբուլում մեկնարկում է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը, որտեղ պետական ընկերությունը մտադիր է թուրք գործընկերների հետ մի շարք բանակցություններ վարել, ասված է հաղորդագրության մեջ:

 

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Թուրքիա ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն ընդլայնելու շուրջ»,- նշել են «Ռոսօբորոնէքսպորտ»-ում:

 

Թուրքիայի հետ համագործակցության ամենահեռանկարային ուղղություններից ընկերությունում նշում են նախագծերը, որոնք կապված են կարճ հեռավորության ՀՕՊ համալիրների, զրահապատ տեխնիկայի, կապի թվային միջոցների, ուղեծրային տիեզերական համակարգերի, ինչպես նաև տարբեր ռազմածովային տեխնիկայի և զինատեսակների հետ: