Մահացել է գործարար Դևիդ Գոլդբերգը՝ ընկնելով վազքուղուց
Մեքսիկական Պունտա-Միտա բնակավայրում գտնվող Four Seasons հյուրանոցում մահացել է գործարար Դևիդ Գոլդբերգը՝ Facebook ընկերության տնօրեններից Շերիլ Սենդբերգի ամուսինը։ Նա ընկել է վազքուղուց և գլուխը հարվածել գետնին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղական դատախազությանը:
Գոլդբերգը մարզասրահ է այցելել մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին: Նրան գլխի լուրջ վնասվածքով նույն օրը երեկոյան գտել է եղբայրը: Գործարարը դեռ ողջ է եղել, և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Գոլդբերգը գլխավորում էր SurveyMonkey ընկերությունը, որը համացանցի օգտատերերի շրջանում ուսումնասիրություններ է անցկացնում: Սենդբերգի հետ նրանք համարվում էին Սիլիկոնյան հովտում ամենաազդեցիկ ամուսնական զույգերից մեկը:
Շերիլ Սենդբերգը լայն ճանաչում է ձեռք բերել բեսթսելլեր դարձած իր Lean In: Women, Work, and the Will to Lead գրքի շնորհիվ, որտեղ նա մասնավորապես գրում է, որ ընտանիքում պարտականությունների հավասար բաժանումն օգնում է երկուսին էլ հաջողության հասնելու հարցում:










