Ես չեմ թաքնվել նախաքննական մարմնից, ես միշտ առաջարկել եմ հաշտվել, չուզեցի՞ք, ձեր գործն է. Վարդան Պետրոսյան
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանի արտահայտած այն մտքին, թե ինքը ցանկացել է թաքնվել նախաքննություն իրականացնող մարմնից, ինչպես նաև նրան, որ Բալոյանը քննարկման առարկա է դարձրել այն հանգամանքը, որ վթարից հետո Վարդան Պետրոսյանը բուժում է ստացել ոչ թե պալատում, այլ վերակենդանացման բաժանմունքում:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ ինքը վերակենդանացման բաժանմունքում է բուժում ստացել այն պատճառով, որ բժիշկներն այդպես են հարմար գտել:
«Վերակենդանացման բաժանմունքի դիմաց օրեր շարունակ հավաքված են եղել լրագրողներ, այլ անձինք, որոնք ամեն կերպ փորձում էին ներս մտնել, անգամ կաշառք էին առաջարկում, ուստի բժիշկները գտել են, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար չէ ինձ պալատ տեղափոխելը»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է իր՝ նախաքննական մարմնից թաքնվելուն, Պետրոսյանը նշեց, որ ինքը երբեք էլ նախաքննական մարմնից չի հեռացել, քննիչն ինքն է արհեստական պատճառներ գտել՝ իբր հիմնավորելու համար, որ ինքը ցանկացել է թաքնվել նախաքննական մարմնից:
Անդրադառնալով տուժողների կողմից դերասանից պահանջվող գումարներին՝ Պետրոսյանը նշեց, որ ինքը երբեք չի հրաժարվել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը վճարել, ավելին, տեղի ունեցած միջադեպից հետո ինքն իր հարազատների միջոցով արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրեն հնարավորություն տրվի Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու:
«Ես հրաժարվել եմ ոչ թե Տաթևիկ Հակոբյանի բուժման, այլ տուժողների փաստաբանի խելամիտ աշխատանքի համար վճարելուց, քանի որ ես այդ աշխատանքը չեմ գնահատում որպես խելամիտ աշխատանք»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Դերասանն ասաց նաև, որ ինքը բազմիցս հաշտության առաջարկ է արել տուժողներին, խնդրել տեղի ունեցածը դիտել որպես դժբախտ պատահար, սակայն տուժողները հրաժարվել են:
«Մարդիկ կա՛մ հաշտվում են, կա՛մ՝ ոչ, իսկ եթե հաշտություն չի լինում, բոլոր հարցերը լուծվում են դատարանի միջոցով: Դուք չեք ուզում հաշտվել, ձեր խնդիրն է, դուք կարող եք միշտ բողոքել, դիմել դատարան և ստանալ այն, ինչ ձերն եք համարում»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ տուժող Արթուր Հակոբյանին բարկացրել էր այն հանգամանքը, որ դատախազի վերաքննիչ բողոքն ընթերցելու ընթացքում դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձինք ծիծաղել էին: Անդրադառնալով դրան, Վարդան Պետրոսյանը նշեց, որ դահլիճում ներկաները ոչ թե հաշվի չեն առնում տուժողների վիշտը, այլ պարզապես դատախազի ու տուժողների փաստաբանի արտահայտած մտքերն իսկապես ծիծաղ են առաջացնում:
«Չեմ կարողանում հիշել՝ դատախազի, թե՞ տուժողների փաստաբանի այն մտքից հետո, որ 5 տարին ինձ համար քիչ է, պետք է 6 տարի ազատազրկման դատապարտել, որպեսզի ես ուղղվեմ, դահլիճում ներկա գտնվողների մոտ ծիծաղ առաջացրին: Ուրեմն 5 տարին ինձ չի՞ ուղղելու , 6-րդ տարին պիտի ուղղի՞… ես կալանավորների մոտ կարդացել եմ Բալոյանի և դատախազի ճառը, հռհռում են, հռհռում, թատրոն է, մի նեղացեք ու իմացեք, որ ոչ-ոք ձեր վշտի վրա չի ծիծաղում»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ առաջարկելով դատաբժշկական փորձաքննություն իրականացնել, որպեսզի պարզվի տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման տևողությունը և բուժման համար անհրաժեշտ գումարի չափը:










