Գ. Ենոքյանի խափանման միջոցը փոխելու մասին պատգամավորական 37 ստորագրությունները հանձնվել են Դատախազություն

15:55 • 05.05.15

ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկվանից ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու մասին պատգամավորական 37 ստորագրություններով միջնորդագիրը քիչ առաջ հանձնել է ՀՀ գլխավոր դատախազություն:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:


«Դրան կցվել է Գոհար Ենոքյանի առողջական վիճակի հետ կապված մի ամբողջ փաթեթ: Այժմ սպասում ենք, թե Գլխավոր դատախազությունը կհարգի՞ արդյոք պատգամավորների միջնորդությունը և Գոհար Ենոքյանն ազատ կարձակվի՞ մեկուսարանից, թե ոչ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։


Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ստորագրահավաքին միացել են պատգամավորներ ԱԺ բոլոր վեց խմբակցություններից: Ստորագրահավաքին միացածների թվում են ՀՀԿ-ից Սպարտակ Մելիքյանը, Գարեգին Նուշիկյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և այլք։