Կառավարությունը պետք է ընտրի՝ զարգացնում է առողջարանային տուրի՞զմը, թե՞ հանքարդյունաբերությունը. քննարկում
Օրհուս կենտրոնում այսօր կազմակերպվել էր կլոր-սեղան՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի թեմայով:
«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանը ներկայացրեց իրականացված փորձաքննության իրավական խախտումները և հղում կատարեց Սևանի մասին օրենքի տասներորդ հոդվածին, որն արգելում է անմիջական ազդեցության գոտում էկոլոգիապես վնասակար արտանետումների արտադրությունը:
«Ամուլսարի գործարկումն էական վնաս է հասցնելու Սևանի լճին, սակայն Բնապահպանության նախարարությունը, անտեսերով օրենքի դրույթները, տվել է փորձագիտական դրական եզրակացություն»,-ասաց նա և նշեց, որ բացի այդ, պայթեցումների արդյունքում առաջացած ցանկացած ցնցում կարող է բերել Ջերմուկի ջրի աղբյուրների կորստի:
Ըստ նրա՝ փորձաքննություն իրականացնող մարմինը անտեսել է նաև ջրային օրենսգրքի պահանջները և տվել է դրական եզրակացություն: Նա նշեց, որ փորձաքննության դրական եզրակացությունը հակասում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու հայտարարությանը։
«Կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ զարգացնում է առողջանային տուրիզմը, կա՛մ հանքարդյունաբերությունը, որովհետև այդ երկուսն իրար հետ համատեղելի չեն»,-ասաց նա և հավելեց, որ բազմաթիվ խախտումներից բացի, փորձաքննությունում բացակայում է նաև Առողջապահության նախարարության կարծիքը, որը պարտադիր էր, և հաշվի չի առնվել հանքավայրի օգտագործման ազդեցությանը մարդու առողջության վրա:
Նա նկատեց, որ խախտվել է նաև Սահմանադրության տասներորդ հոդվածը:
«Այսպիսով` փորձաքննություն իրականացնող մարմինը չի ղեկավարել վերոնշյալ օրենքներով և չէր կարող տալ դրական եզրակացություն։ Հետևաբար՝ այդ եզրակացությունն անօրինական է, և դրա հետ կապված պետք է որոշենք, թե ինչ պետք է անել»,-ասաց նա:
Փորձագետ Սերյան Մինասյանի դիտողություններից մեկը վերաբերում էր հանքավայրի փոշու ցրմանը, որը տարածվում է մինչև Սևանի ափերը, ինչի մասին վերլուծություն չի եղել: Ըստ նրա՝ պետությունը պետք կրկնակի հետազոտություն պահանջի:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը ևս նշեց իր դիտարկումները և հավելեց, որ գտնում է, թե փորձագիտական եզրակացությունը պետք է լիներ ոչ թե դրական, այլ բացասական:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը նշեց, որ իրենք եզրակացությունը տալիս հաշվի են առնել երեք համայնքների ղեկավարների դրական կարծիքը, Սևանի հանձնաժողովի դրական կարծիքը:
«Բացասական որևէ կարծիք նախարարությունը չի ստացել»,-ասաց նա և նշեց, որ նախարարությունը ստացած բոլոր կարծիքներին պատասխանել է:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության փոխնախագահ Դիդիյե Ֆոլենին ասաց, որ Հայաստանի օլիգարխ չէ, այլ Ֆրանսայի քաղաքացի է և կոչ արեց կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներ չհնչեցնել: Անդրադառնալով հանրային լսումներին՝ նա ասաց, որ բոլորին պետք է հնարավորություն տալ իրենց կարծիքները արտահայտել:
«Անցած սեպտեմբերին, դուք փորձեցինք ամեն ինչ անել՝ ընդհատելու հանրային լսումը»,-ասաց նա և նշեց, որ պատրաստ են քննարկել բոլոր բողոքները:
Լևոն Գալստյանն անվիճելի համարեց, որ հանքի օգտագործումը վնաս է հասցնելու շրջակա միջավայրին:
«Իսկ նրանք, ովքեր ասում են, թե շատ երկրներում է «հանքակերության» գործունեություն իրականացվում, թող գնան, բացեն քարտեզները և համեմատեն երկրները»,-ասաց նա:










