«Բոկո Հարամի» գերությունից ազատված շատ աղջիկներ հղի են. ՄԱԿ

10:59 • 06.05.15

«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների ճամբարից ազատ արձակված նիգերացի աղջիկներից շատերը հղի են:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՄԱԿ-ը ներկայում ճշտում է հղիների թիվը:

 

Ապրիլի վերջին նիգերական բանակի զինծառայողները ոչնչացրել էին «Բոկո Հարամ» խմբավորման ճամբարներից մի քանիսը՝ ազատելով մի քանի հարյուր աղջկա ու կանանց, որոնց ահաբեկիչներն առևանգել էին:

 

«Բազմաթիվ աղջիկներ ու կանայք, որոնք ազատվել են «Բոկո Հարամի» ճամբարից, հղի են, սակայն մենք մինչ այժմ չգիտենք հղիների ընդհանուր թիվը: Զննությունը շարունակվում է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

Նա նշել է, որ 214 աղջիկներ ու կանայք հղիության ակնհայտ նշաններ ունեն: Ներկայում նրանք հումանիտար աջակցություն են ստանում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին շրջանում ազատ արձակված աղջիկների թվում չեն 2014 թվականին առևանգված դպրոցականները:

 

Այդ ժամանակ խմբավորումն ավելի քան 270 աշակերտուհու էր առևանգել, որոնց մի մասին հաջողվել էր փրկել: