Առնվազն 19 մարդ է վիրավորվել Մակեդոնիայում հակակառավարական ցույցերի ընթացքում
Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ 15 ոստիկան է վիրավորվել Մակեդոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում, հաղորդում է AFP-ն:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենա է օգտագործել Սկոպյեում կառավարության շենքի մոտ հավաքված 1000 հոգանոց մարդկանց խմբին ցրելու համար: Մարդիկ հավաքվել են կառավարության շենքի մոտ այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդը մեղադրել է վարչապետ Նիկոլա Գրուևսկու կառավարությանը 2011 թվականին ոստիկանության կողմից ծեծի ենթարկված 22-ամյա տղամարդու սպանությունը թաքցնելու համար:
Ցուցարարները, «Մարդասպաննե՛ր, մարդասպաննե՛ր» բացականչելով և կառավարության հրաժարականը պահանջելով, սկսել են իրեր նետել և կոտրել կառավարության շենքի պատուհանները և մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորների թիվը դեռ կարող է աճել:










