Քաղաքապետը չի վաճառի Վանաձորի աղբատար ավտոմեքենաները, հարցը հանվել է ավագանու նիստի օրակարգից
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ օրեր առաջ իր կողմից բարձացված խնդիրը՝ Վանաձորի քաղաքապետը որոշել է վաճառել Վանաձոր համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենաները, ավագանու նիստի օրակարգից հանվել է։
«Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձոր համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենաներն ուղղակի վաճառքի միջոցով մասնավոր ընկերություններին օտարելու մասին հարցերը, որոնց քննարկումը նախատեսված էր ավագանու 07.05.2015թ. հերթական նիստում, օրակարգի նախագծից հանվել են: Շնորհակալություն բոլոր մտահոգ անձանց»,-տեղեկացնում է նա։
Նշենք, որ երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորը հարցի մասին տեղեկացրել էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին. «Վանաձորում այս պահին չորս աղբի մեքենաները, որոնք տրվել են USAID-ի կողմից, դրվել են վաճառքի: Ավագանու առաջիկա նիստում հարցը դրված է: Էս ապօրինության դեմն ո՞վ պետք է առնի»,-հարցրել էր նա:
Իսկ այսօր արդեն Վանաձորի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 07.05.2015թ. կայանալիք համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգի նախագծից թիվ 11, 12, 13 հարցերը հանվում են՝ հանրությանը մանրամասն պարզաբանելու, հիմնավորելու և առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:










