Կարծես թե ՌԴ-ն անկեղծ ձգտում ունի՝ ՀՀ-ի հետ կառուցել հավասար հարաբերություններ. Պոզների հարցազրույցը Հանրայինին (տեսանյութ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է ռուս հեղինակավոր մեկնաբան Վլադիմիր Պոզների հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Մեկնաբանը նշում է, որ ապրիլի 24-ը անձնական դարձավ, երբ կարդաց ու հետաքրքվեց Հայոց ցեղասպանության մասին, իսկ դրա համար պատճառ դարձավ այն, որ ինքը տարիներ առաջ մասնակցեց Հայոց ցեղասպանության դեռ 60-րդ տարելիցի ոգեկոչմանը։
Պոզները նշում է, թե 22 երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ դրանց թվում մինչև հիմա չկան Իսրայելը, Միացյալ Նահանգները, որն, ի դեպ, նրա խոսքով՝ «իբրև թե իր արդարադատությամբ հպարտացող երկիր է»։ Հայտնի լրագրողը ենթադրում է՝ քանի դեռ նման երկները, որոշակի շահերից ելնելով, չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան էլ կշարունակի իր ժխտողական քաղաքականությունը։
Իսկ թե Հոլոքոստ տեսած Իսրայելն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Պոզները ենթադրություն անելուց զատ նշում է, թե հնարավորություն կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հարցազրույց ունենալ և այդ հարցը տալ։
Լրագրողի հարցին՝ եթե Պոզներն իր հայտնի ճանապարհորդություններից մեկը կատարեր Հայաստան և հաղորդում պատրաստեր, ո՞րը կլիներ գլխավոր թեման, մեկնաբանը միանշանակ պատասխանել չի կարողանում, բայց խոստովանում է՝ Հայաստանի մասին մտածելիս միշտ իրեն հետաքրքրել է այն հարցը, որ «այս ժողովուրդը դեռ ապրում է, քանի որ տրամաբանորեն նա չպետք է լիներ՝ լինելով մեծ տերությունների խաչմերուկում»։
Վլադիմիր Պոզները, պատասխանելով հարցին, թե Հայաստանը Կովկասում մնացել է ՌԴ-ի միակ դաշնակից երկիրը, արդյո՞ք ՌԴ–ն ճիշտ քաղաքականություն է վարում՝ նրան էլ չկորցնելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, պատասխանում է, թե կարծում է՝ Ռուսաստանը Ուկրաինան կորցրեց կա՛մ ընդմիշտ, կա՛մ տևական ժամանակով։ «Կարծես թե Ռուսաստանն անկեղծ ձգտում ունի ՀՀ-ի հետ կառուցել հավասար հարաբերություններ, այլ հարց է, որ նրանք, ովքեր կայսրությունը ղեկավարել են, դժվարությամբ են հավասար ընդունում իրավունքները»,-նշում է նա և հավելում, թե պետք է երկու, երեք սերունդ անցնի, որպեսի դա հասկանան։
Վերջում նա պատասխանում է իր հայտնի հարցին, թե Աստծուն տեսնելիս ինչ կհարցներ նրան։










