Ստամբուլում սկսվել են հայկական որբանոցի քանդման աշխատանքները (լուսանկարներ)
Սկսվել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական որբանոցի՝ «Արմեն» ճամբարի քանդման աշխատանքները:
Քանդող մեքենաներն արդեն սկսել են ավերել պատերը, սակայն աշխատանքները ներկայում ժամանակավորապես դադարեցվել են:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածու Կարո Փայլանը մտել է շինության ներսը:
«Որբանոցի շենքի մեծ մասը դեռ կանգուն է: Դիմադրում ենք: Ոստիկանություն ենք կանչել: Ոստիկանության միջոցով, բռնությամբ են հանելու: Մենք այստեղ ենք պաշտպանելու մեր իրավունքներն ու երեխաների կրթության իրավունքը: Աջակցություն ենք ակնկալում: Եթե աջակիցներ գան և դիմադրենք, կկարողանանք կանխել գործընթացը»,- հայտարարել է հայ թեկնածուն:
Ճամբարը, որտեղ ժամանակին եղել են նաև պոլսահայ լրագրող Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքել Դինքը, նախատեսում են քանդել և դրա փոխարեն շքեղ առանձնատներ կառուցել:
Սոցցանցերում #KampArmen հեշթեգով գրառումներ արած քաղաքացիները պահանջել էին դադարեցնել աշխատանքները:














