«Գազպրոմը» գազի գնի զեղչ է տրամադրել մասնավոր ներկրողներին. թուրք նախարար
Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը գազի գնի զեղչի շուրջ պայմանավորվածության է եկել Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, գրում է ria.ru-ն:
Բացի այդ, նախարարը հավելել է, որ ԵՄ-ն իրավունք չունի միջամտելու Թուրքիայի և Ռուսաստանի միջև գազային համաձայնագրերին:
Երեքշաբթի օրը Թուրքիայի ներկրող ընկերություններից մեկի աղբյուրը ria.ru-ին հայտնել էր, որ ապրիլի վերջին ավարտվել են Enerco Enerji, Avrasya gaz և Akfel gas, Bosphorus gas, Shell, Bati Hatti և Kibar Enerji ընկերությունների հետ «Գազպրոմի» բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով թուրքական կողմին հաջողվել է հասնել ռուսական գազի գնի զեղչի:
«Коммерсантъ» թերթը երեքշաբթի գրել է, որ մինչ այդ թուրք ներկրողները ստիպված են եղել գազի 1.000 խորանարդ մետրի համար վճարել 374 դոլար: Այժմ առաջին եռամսյակի համար գինը կվերահաշվարկվի 1.000 խորանարդ մետրի համար 300-ից պակաս գնով, երկրորդ եռամսյակի համար այն կկազմի 1.000 խորանարդ մետրի համար մոտ 260 դոլար:










