ԱՄՆ-ի պետդեպը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային
ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատազրկման թեմային:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին առանց նախապայմանների ազատ արձակել Իսմայիլովային, Ռատկեն պատասխանել է. «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է իրենց հիմնարար ազատությունների իրավունքի կիրառման համար բոլոր անձանց, այդ թվում՝ նաև Խադիջա Իսմայիլովայի ազատազրկման փաստով: Մենք կոչ ենք արել նրանց ազատ արձակել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ապահովել դատավարության արդար ընթացքը և թույլ տալ քաղաքացիներին ազատորեն արտահայտել իրենց տեսակետները»:
Այս պատասխանից հետո Ռատկեն հրաժարվել է շարունակել Իսմայիլովայի թեման` ասելով, որ տվյալ նյութի վերաբերյալ այլևս տեղեկություններ չունի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ մեղադրանք է առաջադրել ևս 3 հոդվածներով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:










