Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրասիայի և Եվրոպայի տնտեսությունների համար. ռուս փորձագետ
Ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե Հայաստանը մեծ հնարավորություններ ունի դառնալու Եվրասիայի և Եվրոպայի տնտեսությունների համար կամուրջ և պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։
Փորձագետը նշեց, թե ոչ միայն քաղաքական, այլ տնտեսական գլոբալ փոփոխությունների շեմին է աշխարհը, որի հիմնական նպատակն է Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգին այլընտրանք առաջարկելը։
«Հայտնի է, որ Չինաստանը փորձում է ստեղծել սեփական ֆինանսական համակարգ, որը կլինի ալտերնատիվ գործող համակարգին, և որից հետո Միացյալ Նահանգներին դժվար կլինի ազդել աշխարհի տնտեսության վրա։ Իսկ Չինաստանի կողմից նախաձեռնված գոտու ստեղծմանը կարող է մասնակից դառնալ նաև Հայաստանը»,- ասաց նա և նշեց, թե Հայաստանի համար պետք է հետաքրքիր լինի այս գործընթացներին հետևել, քանի որ ռեալ հնարավորություն կա նման գոտուն մասնակից դառնալու համար։
«Հայաստանը կարող է դառնալ այն պետությունը, որի տարածքով կարող է կառուցվել ինչ-որ կամուրջ, տնտեսական տարբեր համակարգերի համար, Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական տնտեսական միության։ Հայաստանը համապատասխանում է նման կամրջի ձևավորման համար»,- ասաց նա։
Վլադիմիր Եվսեևը նկատեց, թե շատ լավ կլինի, եթե նման կամուրջներ դառնային նաև այլ պետություններ, օրինակ՝ Վրաստանը։ «Եթե Վրաստանի և Հայաստանի տարածքով հնարավոր լինել ձևավորել այդ կամուրջը, ապա դա այս տնտեսական միավորների համար լավ կլիներ»,- ասաց նա։
«Հայաստանը կարող է ցույց տալ այս հարցում իր պոտենցիալը, իր ունակությունը՝ ազդել ավելի գլոբալ գործընթացների վրա»,- նշեց նա։










