Բիբլովը եկել է, ցավակցել ու գնացել. Գալուստ Սահակյան

15:57 • 07.05.15

Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը եկել է, «ցավակցել մեզ անմեղ զոհերի առումով» ու գնացել: Այսօր լրագրողների հետ զրույցում Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ աղմկահարույց հանդիպման վերաբերյալ նման բացատրություն տվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:


«Ընդամենը խնդիրը հետևյալն էր՝ ձեռքսեղմում էր մեր անմեղ զոհերի հիշատակի հետ կապված: Պատկերացրեք, որ Գալուստ Սահակյանը Ղարաբաղում է, և անձը մոտենում է ցավակցական խոսք ասելու: Պատկերացրեք, որ մեր մտածողության մեջ թուրքը մեզ թշնամի է, և թուրքը Հայաստանում ցավակցում է Գալուստ Սահակյանին»,- ասաց ԱԺ նախագահը՝ լրագրողներին խորհուրդ տալով չօգտագործել «ընդունել» բառը:


Նա լրագրողների ճշտող հարցին ի պատասխանք հերքեց, թե հանդիպումը եղել է Ղարաբաղում:


Հիշեցնենք, որ «Ազատություն«» ռադիոկայանի հաղորդմամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն ասել էր, որ եթե հաստատվի Հայաստանի խորհրդարանի նախագահի և «Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի» ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը, ապա պաշտոնական Թբիլիսին համարժեք արձագանք կտա:


Հարցին, թե այդ դեպքում ինչու է լուսանկարահանվել Բիբիլովի հետ, եթե հանդիպումը պաշտոնական չէր,Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ, ըստ երևույթին ինչ-որ մեկը նկարել է: Բացի դրանից, էդ նկարին, որ նայում եմ, տեսնում եմ, որ նման հագուստ էլ չունեմ»:


Բարձրացված աղմուկի վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասաց, որ, իմիջիայլոց, հայ-վրացական հարաբերություններում իր փոքրիկ դերակատարումն ունի: Ոմանք, ըստ ԱԺ նախագահի, պարզապես փորձել են այս հանդիպումից խնդիր սարքել՝ իրեն հարվածելու համար:


«Այնպես որ Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել, անիմաստ է»,- ասաց ԱԺ նախագահը:


Նաև Գալուստ Սահակյանը վստահ է, որ իր վրաց գործընկերն իրեն կզանգահարեր, եթե իրոք վրացական կողմը Երևանից պատասխան պահանջեր:


«Ես կարծում եմ, որ եթե առիթ լիներ, որ պաշտոնական առումով ԱԺ նախագահի հետ խոսեին, բնական է, կխոսեին նաև այդ մասին: Անիմաստ խոսակցություններն իրենց հետևանքներով իմ մեջ փակված են: Ժամանակը ցույց է տվել, որ ինչ-որ քաղաքական նպատակներով կարելի էր հարվածել և ինձ, կամ Վրաստանում ինչ-որ քաղաքական նպատակներով կարելի էր քաղաքական իրավիճակից ելնելով այս փաստն օգտագործել»,- ասաց ԱԺ նախագահը:


Ինչ վերաբերվում է միջպետական հարաբերություններին, ապա Գալուստ Սահակյանը նկատեց, որ Վրաստանի թե՛  նախագահը, թե՛ վարչապետը, իր անձնական տեսակետը գիտեն, որը, ըստ ՀՀ ԱԺ նախագահի, «նույնն է, ինչ որ մեր պետության տեսակետը»: