Մոսկվայի օդանավակայանները փակ են՝ Հաղթանակի օրվա շքերթի փորձերի պատճառով

12:42 • 07.05.15

Մոսկվայի օդանավակայանները 50 րոպե տևողությամբ ընդմիջում կանեն Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձի անցկացման պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային ծառայությունից հայտնել են, որ օդանավակայանները դադարել են թռիչքի և վայրէջքի թույլտվություն տալ Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ին, սահմանափակումը կգործի մինչև 11:20:

 

Դա կապված է նրա հետ, որ օդում փորձեր են անելու տարբեր օդանավակայաններից ժամանող ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

 

Թույլ են տրվում միայն տարանցիկ թռիչքները, որոնք իրականացվում են 9-11 հազար մետր բարձրության վրա:

 

«Բոլոր ավիաընկերությունները նախապես տեղեկացվել են սահմանափակումների մասին և բավականաչափ ժամանակ են ունեցել իրենց մոսկովյան չվերթների ժամանակացույցերը փոփոխելու համար»,- ասել են գերատեսչությունում:

 

Նման սահմանափակում է գործելու նաև Մայիսի 9-ի շքերթի ժամանակ: