ԱՄՆ-ում պատանդ վերցված կնոջը փրկել է պիցցայի առաքման հավելվածը
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող Շերիլ Թրեդուեյին մի ամբողջ օրով` դանակի սպառնալիքով, պատանդ է վերցրել նրա քաղաքացիական ամուսինը` Էթան Նիքերսոնը: Սակայն 25-ամյա կինը կարողացել է ազատվել Նիքերսոնից` պիցցայի առաքման համար նախատեսված հավելվածի միջոցով:
Ինչպես նշում է abcnews.go.com-ը, կինը խաբել է Նիքերսոնին՝ ասելով, թե ցանկանում է Pizza Hut հավելվածով պիցցա պատվիրել, քանի որ իրենց հետ տանը եղած 3 երեխաները շատ քաղցած են եղել: Սակայն հնարամիտ ամերիկուհին ոչ միայն պիցցա է պատվիրել, այլև` օգնության կանչ ուղարկել:
Թրեդուեյը գրել է. «Մեկ պիցցա: Խնդրում եմ օգնեք: Ինձ մոտ ուղարկեք 911 ծառայությանը: Ես պատանդ եմ»:
Ահազանգ պարունակող պատվերը ստանալուց հետո Pizza Hut-ի աշխատակիցն ամիջապես զանգահարել է ոստիկանություն: Իրավապահների` դեպքի վայր ժամանումից հետո Թրեդուեյը կարողացել է երեխաներից մեկի հետ փախչել,իսկ մյուս 2-ը մնացել են տանը: Որոշ ժամանակ անց Նիքերսոնը համաձայնել է հանձնվել. այժմ նա ձերբակալված է:










