Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ է պետք արձագանքել. Հանդիպել են Արցախի և Հայաստանի վարչապետերը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին, ԼՂՀ կառավարության մի խումբ անդամների հետ, ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ողջունելով Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ գործընկերներին՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:
Հովիկ Աբրահամյանը ողջույնի իր խոսքում բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: ՀՀ վարչապետն, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:
Ընդլայնված կազմով տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:
Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս երկկողմանիորեն ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը, և ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ հետագա համագործակցության վերաբերյալ:










