Նիգերիայում «Բոկո Հարամի» զինյալները քոլեջի վրա են հարձակվել. կան տուժածներ
«Բոկո Հարամ» զինյալ խմբավորման անդամներն ուրբաթ առավոտյան հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող քոլեջներից մեկի վրա։ Ուսումնական հաստատության 6 ուսանող վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Պոտոսկում քաղաքում։ Նիգերական բանակի զինծառայողներն ու ոստիկանները դեպքի վայր են ժամանել, զինյալների հետ փոխհրաձգություն է սկսվել։
Ականատեսները հաղորդել են, որ զինյալները մոտեցել են քոլեջին ու դարպասներից կրակ բացել, ինչից հետո քոլեջի անվտանգության աշխատակիցները փախուստի են դիմել։ Դրանից հետո զինյալները ռումբ են պայթեցրել հաստատության հանրակացարանում։
Վիրավոր ուսանողների առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները փորձում են երկրում հասնել շարիաթի օրենքների հաստատմանը։










