Բրիտանիայում ընտրությունների ընթացքում արգելել են «սելֆի» անել
Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արգելել են «սելֆի» անել: Դա տհաճ անակնկալ է դարձել քվեարկության շատ երիտասարդ մասնակիցների համար, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրենք իրենց նկարելու ու լուսանկարը համացանցում տեղադրելու, գրում է РИА Новости գործակալությունը:
Իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար տեղամաս եկած ընտրողներին հանձնաժողովների անդամները խստորեն զգուշացրել են, որ տեղամասի ներսում լուսանկար անելն արգելվում է:
Պատճառն այն է, որ համաձայն գործող օրենքի՝ կոպիտ խախտում է համարվում տեղեկության տարածումն այն մասին, թե ինչպես է քվեարկել այլ մարդը, անգամ եթե նա կադրում պատահմամբ է երևացել:
Օրենքի խախտումը կարող է արժենալ 5 հազար ֆունտ (7,6 հազար դոլար), կամ, անգամ, ազատազրկում:
Ուշագրավ հայտարարություն է եկել արևմտյան Լանկաշիր կոմսությունից: Դրանում պատկերված է եղել ձեռք՝ հեռախոսով, և գրություն. «Արեք ձեր «սելֆին» այստեղ, ներսում լուսանկարելն արգելվում է»:










