Ձայների 50%-ի հաշվարկից հետո Բրիտանիայի ընտրություններում առաջատար են լեյբորիստները

08:45 • 08.05.15

Մեծ Բրիտանիայում մայիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամփոփվել են ընտրական շրջանների 50%-ի արդյունքները։ Աննշան տարբերությամբ առաջատար է Լեյբորիստական կուսակցությունը, գրում է gazeta.ru-ն։

 

Սակայն Exit poll-ի տվյալներով՝ արդյունքում հաղթանակ կտանեն իշխող պահպանողականները։ Նախնական տվյալների համաձայն՝ լեյբորիստները Համայնքների պալատում կզբաղեցնեն 135 տեղ, պահպանողականները՝ 115, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 50, լիբերալ դեմոկրատները՝ 6, Անկախության կուսակցությունը՝ 1, այլ կուսակցություններ՝ 19 տեղ։

 

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն անցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան Աքսբրիջ և Ռուիսլիփ շրջանից՝ հավաքելով ձայների 50.2%-ը։ Սակայն նա կշարունակի կատարել քաղաքապետի աշխատանքը մինչ հաջորդ տարվա վերջ։

 

Շոտլանդիայի ազգային կուսակցությունից թեկնածու 20-ամյա ուսանողուհի Մխայրի Բլեքը կդառնա 1667-ից ի վեր բրիտանական խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը։

 

Ձայների հաշվարկը շարունակվում է։ Սպասվում է, որ վերջնական արդյունքը հայտնի կդառնա կեսօրին։

 

Նշենք, որ ընտրություններն անցկացվել են 650 միամանդատ շրջաններում՝ մեծամասնական համակարգով: Դա նշանակում է, որ ամեն կոնկրետ շրջանում ընտրողները քվեարկել են ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ թեկնածուի օգտին, և կհաղթի նա, ով կհավաքի ձայների մեծամասնությունը:

 

Այս ընտրությունների արդյունքներով կորոշվի կառավարության կազմը և առաջիկա հինգ տարվա երկրի քաղաքականությունը։