ՀԷՑ-ը և այլ ընկերություններ դիմել են ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագների վերանայման հայտերով

17:25 • 08.05.15

Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը, ի գիտություն հասարակության, տեղեկացնում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն, «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանը և էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն դիմել են հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով:

Հայտերը համապատասխանում են հանձնաժողովի կարգի պահանջներին, և հանձնաժողովն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը:

Մանրամասները՝ Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի կայքում։ 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված է էլեկտրաէներգիայի հաղորդման, մատուցվող ծառայության սակագնի հաշվարկ՝ առաջարկելով 01.07.2015-ից հաստատել 2,038 դրամ կիլովատ/ժամ 01.08.2014-ից գործող 1,3644 դրամ կիլովատ/ժամի փոխարեն։  

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կա արտադրական և տնտեսական ծախսերի որոշակի աճ, ինչը առաջին հերթին պայմանավորված է ընկերությունում ներդրումային ծրագրերի ծավալների կտրուկ աճով։  

Նշենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը այսօր «Ազատությանը» տեղեկացրել է, որ ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 17 դրամով: