Աշխարհի սոցիալիստ երիտասարդները չեն կարող չեզոք լինել Հայոց ցեղասպանության հարցում. Ֆելիպե Խելդերես

22:29 • 08.05.15

Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council), որ մայիսի 8-9-ին անցկացվում է Երևանում, ըստ ամենայնի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև կընդունի: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց միության նախագահ Ֆելիպե Խելդերեսը՝ իրենց դերակատությունը շատ կարևոր է, քանի որ իրենք սփռված են աշխարհով մեկ:

 

«Ինչ վերաբերում է ճանաչման ու դատապարտման գործընթացին, ապա այս հարցում մենք չենք կարող չեզոք լինել: Երբ բանաձևն ընդունվի, կամրապնդվի նաև մեր դիրքորոշումը»,-ասաց Ֆելիպե Խելդերեսը:


Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝  Ընկերվար երիտասարդների միջազգային միության նախագահն ասաց. «Ունենք հստակ դիրքորոշում, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը չպետք է մոռանալ, որպեսզի չկրկնվի: Մեր ուշադրության կենտրոնում են նաև այլ խնդիրներ՝ Մարոկկո և Սահարա, Պաղեստին և Իսրայել: Բոլոր այս հակամարտությունների լուծման հարցում IUSY-ն կարող է միջնորդ հանդիսանալ»:


Ի դեպ, Ֆելիպե Խելդերեսն ասաց, թե միջոցառմանը մասնակցելու հրավեր են ուղարկել  նաև Թուրքիայի և Ադրբեջանի իրենց գործընկերներին, սակայն վերջիններս մերժել են հրավերը: