Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Նորվեգիայի և Ֆիլիպինների դեսպանները (թարմացված)

15:08 • 08.05.15

15.25 «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններն արդեն ստանձնել են ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը։ Նրանք հայտարարել են նաև, որ խոցել են ուղղաթիռը, քանի որ մտածել են, որ դրանում կարող է լինել երկրի վարչապետ Նավազ Շարիֆը։
«Ուղղաթիռը խփվել է զենիթային հրթիռով, մահացել են օդաչուները և շատ արտասահմանցի դեսպաններ»,- նշվում է շարժման հաղորդագրությունում։

 


15.08 Պակիստանի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Ֆիլիպինների և Նորվեգիայի դեսպանները, հայտնում է Интерфакс-ը՝ Associated Press-ին հղումով։

 

Ուղղաթիռն ընկել է դպրոցի շենքի վրա, որտեղ վթարից հետո հրդեհ է բռնկվել։

 

Վերջին տվյալներով՝ մահացել է առնվազն 4 մարդ։ Բացի դիվանագետներից, վթարի զոհ են դարձել նաև 2 օդաչուները։ Ողջ է մնացել 13 մարդ, նրանք բոլորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լեհաստանի դեսպանը և նրա կինը նույնպես տուժել են, սակայն նրանց վիճակն անհանգստություն չի առաջացնում, հայտնել են Իսլամաբադում Լեհաստանի դեսպանատնից։

 

Աղետի պահին այդ շրջան է թռել 3 ուղղաթիռ, որոնց ուղևորներն են եղել 37 երկրների դիվանագետներն ու նրանց օգնականները։