Չինական ընկերությունն իր ավելի քան 6.000 աշխատակցի ուղարկել է Փարիզ՝ հանգստի

14:38 • 08.05.15

Չինական «Տյանշի» կորպորացիան որոշել է իր աշխատակիցների կեսից ավելիին՝ 6,4 հազար մարդու, ուղարկել Փարիզ՝ քառօրյա հանգստի, գրում է Интерфакс-ը:

 

Ինչպես The Guardian թերթին հայտնել է ֆրանսիական ԱԳՆ-ի ներկայացուցիչը, ընկերության ղեկավար Լի Ցզյուանը չորեքշաբթի օրը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Նա պատմել է, որ հանգստի մի մասը չինական ընկերության աշխատակիցները կանցկացնեն Նիսում:

 

Ֆրանսիա ուղևորության համար համարներ են ամրագրվել 140 հյուրանոցներում, որոնց մեծ մասը՝ Փարիզում:

 

Ինչպես սպասվում է՝ այդ այցելությունը «Տյանշիին» կարժենա մոտ 13 միլիոն եվրո:

 

«Տյանշի» ընկերությունն աշխատում է ցանցային մարքեթինգի սկզբունքով, դրա հիմնական արտադրանքը կենսաբանական ակտիվ հավելումներն են: Այժմ ընկերության գործունեության ոլորտը ներառում է նաև էլեկտրոնային կոմերցիան, հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսը: Ընկերության հիմնադիր Լի Ցզյուանը 2011 թվականին հայտնվել է Forbes հանդեսի կազմած միլիարդատերերի ցուցակում: