Մեր նպատակն է՝ Հայաստանը տնտեսապես կայուն, զարգացող և ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելը. Սերժ Սարգսյան

08:15 • 08.05.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների նպատակը Հայաստանը տնտեսապես կայուն, զարգացող, դիվերսիֆիկացված ու ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելն է, ապա հորդորել է բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել ՀՀ պետականաշինության գործին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


«Այստեղ մենք որոշակի հաջողություններ ունենք գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, բաց երկնքի քաղաքականության, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության խրախուսման շնորհիվ:


Հայաստանում տարեցտարի մեծանում է նաև ամերիկյան գործարարության ներկայությունը, և այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի, կարծում եմ՝ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է»,– իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:


Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրին՝ ՀՀ Նախագահը նշել է, որ պատահական չէ այդ փաստաթղթի ստորագրումը, ինչն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները և փոխգործակցության նոր դռներ է բացում:


«Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջև համագործակցությունը պետականորեն խրախուսվում է: Եվ հորդորում եմ բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործին»,– ասել է նա:


ՀՀ Նախագահը նշել է, որ նախկինում խնդիր կար բարեգործությունից անցնել փոխադարձ շահութաբեր գործընկերության: Այսօր արդեն խնդիր է դրված ընդլայնել այդ գործընկերությունը, «հատկապես, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում այսպիսի գործունեության համար»:


«Մենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ ունենք «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP) օգտվելու հնարավորություն, իսկ Եվրամիության հետ օգտվում ենք «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից» (GSP+), սա նշանակում է, որ հայ գործարարների համար նոր շուկաներ են բացվել»,– ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: