Արցախի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

19:00 • 08.05.15

Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել  պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Արցախի Նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում նայիսի 9-ը բնութագրել է որպես մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը, որը հանդիսանում է մեր փառավոր հաղթանակների մարմնացումն ու խորհրդանիշը:  Նա նշել է, որ այս տոնը հնարավոր է դարձել նաև մեր ժողովրդի նվիրումի ու խիզախության, հայրենասիրության ու անձնազոհության շնորհիվ, թափած արյան ու կրած զրկանքների գնով:


«Մենք հպարտանում ենք մեր հայրերի ու պապերի, մեր նորօրյա հերոսների քաջագործություններով ու սխրանքով և ափսոսում ենք, որ այսօր այս ուրախությունը մեզ հետ չեն կիսում մեր ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակները»,- ասել է Բակո Սահակյանը:


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արցախցին իր հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը, զորացնել բանակը, ապահովել պետության անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը: «Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին մենք այսուհետ էլ կանենք հնարավորը Արցախը շենացնելու և նրա հուսալի ապագան կերտելու ուղղությամբ»,- նշել է Բակո Սահակյանը: