Բակո Սահակյանը պարգևատրելու մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել

19:30 • 08.05.15

Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից։


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանին շնորհվել է <<Արցախի հերոս>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում՝ հանձնելով <<Ոսկե արծիվ>> շքանշան։

 

2015 թվականի ապրիլի 21-ին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելու, մարտում անձնական արիություն ու խիզախություն ցուցաբերելու համար <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 հոգի։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար <<Արիության համար>> մեդալով պարգևատրվել է 17 հոգի:
 

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգևատրվել է 303 հոգի, որից 11-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար <<Շուշիի ազատագրման համար>> մեդալով պարգևատրվել է 25 հոգի, որից 1-ը` հետմահու:
 

Հայրենիքի արժանավոր զավակներ դաստիարակելու համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգևատրվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումները հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 3 զինծառայողների  ծնողներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով պարգևատրվել է 3 հոգի, <<Երախտագիտություն>> մեդալով` 6 հոգի: Եվրոպական ատյաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն  ու իրավունքները հետևողականորեն ներկայացնելու համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգևատրվել է 1 հոգի: