Ստամբուլի հայկական որբանոցի քանդման աշխատանքները դադարեցվել են մեկ ամսով՝ մինչև լուծում գտնվի

15:22 • 08.05.15

Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

 

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով:

 

Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա:

 

Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա:

 

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա:

 

Նշենք, որ այս ճամբարում ժամանակին 1.500 հայ որբ է բնակվել։ Այնտեղ են մնացել նաև լրագրող Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքել Դինքը։