Տեխասում ահաբեկչության կազմակերպիչն «Իսլամական պետությունը» չի եղել. Պենտագոն
Ամերիկյան Տեխաս նահանգում հրաձգությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված չի եղել, հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը:
«Շարունակվող հետաքննությունը ցույց է տալիս, որ Տեխասի հրաձիգները հիացած են եղել ԻՊ-ով, բայց զինյալները նրանց չեն ղեկավարել»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարը՝ նշելով, որ դրանում մեծ տարբերություն կա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երկու մարդ կիրակի հրաձգություն էր իրականացրել Գարլենդի ավտոկայանատեղիում, որտեղ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսն էր տեղի ունենում: Նրանք վիրավորել էին անվտանգության աշխատակցի: Ոստիկանությունը սպանել էր երկու հարձակվողներին:
Ցուցահանդեսի մասնակիցները տարհանվել էին:
Ավելի ուշ ԱՄՆ-ի ոստիկանությունը հաղորդել էր, որ հրաձիգներից մեկը եղել էր 30-ամյա Էլթոն Սիմփսոնը, իսկ մյուսը՝ 34-ամյա Նադիր Սուֆին:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:










