Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին (լուսանկարներ)

10:02 • 08.05.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը:

 

«Պատիվ եմ ունեցել մասնակցելու Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել են նախագահ Սերժ Սարգսյանին (ներկա են գտնվել արարողությանը-Tert.am)»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Ի դեպ, միջոցառմանը Ջո Բայդենը և Սամանթա Փաուերը կրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշաններ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել էր աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Նախագահի հետ:

 

«Ես այսօր ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,- գրել էր նա Twitter-ում: