Ստրասբուրգում Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառում է կայացել
ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ մայիսի 9-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց, տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառում, որին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը, ԵԽ անդամ երկրների դեսպանները:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարարությունից՝ միջոցառումը մեկնարկել է Եվրոպայի օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության անունից ելույթ է ունեցել ԵԽ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Դիրկ Վան Իքհաութը: Ելույթներից հետո ԵԽ անդամ երկրների դրոշների տակ ԵԽ կողմից ծաղիկներ են դրվել: Հայաստանի ներկայացուցչությունն, ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայազգի զինվորների, առանձին ծաղկեպսակ է տեղադրել Հայաստանի դրոշի տակ:
Միջոցառման ավարտին երկինք են արձակվել աղավնիներ՝ ի նշան խաղաղության:










