Շվեյցարիայում կրակոցների հետևանքով մի քանի մարդ է սպանվել

13:48 • 10.05.15

Շվեյցարիայի հյուսիսում՝ Գերմանիայի սահմանին մոտ գտնվող Վյուրենլինգեն քաղաքում, երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել կրակահերթ, որի հետևանքով մի քանի մարդ է սպանվել, տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ տեղի ոստիկանության հղումով։


Դեպքի վայր ժամանած ոստիկանները տներից մեկում մի քանի դիակ են հայտնաբերել։ Բոլոր մահացածները մեծահասակներ են, զոհերի թիվը չի նշվում։


Պատահածի հանգամանքները, հանցագործության դրդապատճառները, հանցագործների ինքնությունը դեռևս պարզված չէ։


Ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է իրականացրել ամբողջ գիշեր, դատախազությունը հետաքննություն է սկսել։


Ոստիկանությունում հայտնել են, որ մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ժամանակ կհայտնեն լրացուցիչ մանրամասներ։


Տեղի ռադիոկայաններից մեկով հայտնել են՝ չի բացառվում, որ կրակողը նույնպես արդեն ողջ չէ և նրա դին գտնվում է հայտնաբերված դիակների կողքին։