Ամերիկացի գեր մեղադրյալը չի տեղավորվել դատարանի վերելակի մեջ

12:11 • 10.05.15

Զենքի ապօրինի վաճառքով զբաղվելու մեջ մեղադրվող նյույորքցի Վիլյամ Սոլերը կշռում է 249 կգ, որի պատճառով նա չի տեղավորվել դատարանի շենքի վերելակի մեջ և չի կարողացել հասնել դատարանի դահլիճ, գրում է New York Daily News-ը:


Թերթը նշում է, որ Վիլյամին մեղադրում են Նյու Յորք քաղաքի Բրոնքս թաղամասում զենքերի ապօրինի վաճառքի և շրջանառության ցանց ստեղծելու մեջ:


Ըստ աղբյուրի՝ Վիլյամ Սոլերը հանցախմբի ղեկավարն էր, չնայած նրան, որ տեղաշարժվում էր անվասայլակով:


Բրոնքս թաղամասի դատարանի դատավոր Ջորջ Վիլեգասն ասել է, որ մեղադրյալի անվասայլակը այնքան մեծ է կարծես երկտեղանոց բազկաթոռ լինի:


Որոշվել է հարցը լուծել և նրան դահլիճի փոխարեն տեղափոխել նկուղ, որտեղ էլ անցկացվել է դատական նիստը: