ԱՄՆ-ում ձերբակալվել են ամերիկահայեր՝ $ 150 մլն-ի դեղամիջոցների ապօրինի վաճառքի մեղադրանքով
Կալիֆորնիայում և ԱՄՆ մի շարք այլ նահանգներում 150 մլն դոլարի անօրինական դեղամիջոցների վաճառքի գործով 33 մարդ է ձերբակալվել, այդ թվում` Գլենդելի երկու բնակիչ:
Ինչպես հաղորդում է Glendale News Press-ը` վկայակոչելով Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատախազներին, անօրինական վաճառքի կազմակերպման գործում հիմնական դերակատարություն են ունեցել 45-ամյա Արա Կարապետյանը, 29-ամյա Միհրան Ստեփանյանը և 38-ամյա Արթուր Ստեփանյանը:
Ըստ Los Angeles Times-ի հաղորդման` ապօրինի ձեռք բերված դեղամիջոցները նրանք վաճառել են Մինեսոտայում գործող ընկերությանը, որն էլ դեղերի մեծածախ վաճառք է իրականացրել:
Կալիֆորնիացի փաստաբանի խոսքով` Minnesota Independent Cooperative ընկերության ղեկավար Դևիդ Միլլերը 2010-2014-ն ընկած ժամանակահատվածում տարբեր կեղծ ընկերությունների միջոցով 157 մլն դոլար արժողությամբ դեղամիջոցներ է գնել Ստեփանյաններից:
Հաղորդվում է, որ Դևիդ Միլլերը տեղյակ է եղել, որ դեղորայքը ապօրինի է: Դրանք հիմնականում ցավազրկողներ էին և ՄԻԱՎ-ի ու քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղամիջոցներ:










