Աշխարհի տարբերի երկրների 60 մասնակից ներկա է Երևանում անցկացվող «Թվային դիվանագիտություն» համաժողովին
Ամբողջ աշխարհից ավելի քան 60 մասնակից՝ դիվանագիտական կառույցների տնօրեններ, դեսպաններ և արտաքին գործերի նախարարությունների վարչության ղեկավարներ Երևանում են՝ մասնակցելու «Թվային դիվանագիտություն» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին, որի ընթացքում քննարկվելու են թվային դիվանագիտության միտումները մարտահրավերները:
Համաժողովի երկօրյա ծրագիրը ներառում է դիվանագիտության թվայնացման բոլոր ասպեկտները՝ սոցիալական մեդիայից մինչև էլեկտրոնային դիվանագիտությանն առնչվող վերապատրաստման ծրագրերի ուղղությամբ լավագույն փորձը:
Ներկայացուցչական լսարանին ուղղված իր խոսքում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շնորհավորեց Հայաստանի դիվանագիտական դպրոցին՝ նշելով. «Ուրախ ենք տեսնել, որ դիվանագիտական դպրոցը, միջազգային համաժողովի կազմակերպմամբ, նշում է իր հինգերորդ տարեդարձը՝ կապ հաստատելով Եվրոպական միության և այլ երկրների դիվանագիտական ակադեմիաների և դիվանագիտական ծառայությունների հետ»:
Տրայան Հրիսթեան նաև հիշեցրեց, որ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական դպրոցին աջակցության տրամադրման ուղղությամբ երկարատև համագործակցության առաջին նպատակն է ուժեղացնել կառույցը՝ արտոնելով դպրոցին կրթություն և վերապատրաստում տրամադրել Հայաստանի դիվանագիտական անձնակազմին:
Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մայիսին՝ որպես պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի մաս և ստանալու է լրացուցիչ ֆինանսավորում՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցին մինչև 2017 թվականի ապրիլ ամիսը աջակցություն տրամադրելու նպատակով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 660 000 եվրո:










