Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների պահանջարկը կա նաև պետական այլ կառույցներում. Վահե Գաբրիելյան
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով դպրոցի հաջողությունների մասին, ասաց, թե ամենամեծ ձեռքբերումն իրենց կադրերն են:
«Մեր կադրերը դիվանագիտական ծառայությունը համալրող առաջնային ուժն են, որովհետև դիվանագետ դառնալու համար դիվանագիտական դպրոցով պետք է անցնես, և վերջին 5 տարվա ընթացքում մեր շրջանավարտներից 60 հոգուց ավելին համալրել են Հայաստանի դիվանագիտական ծառայությունը»,-ասաց Վահե Գաբրիելյանը՝ նշելով, թե հաշվի առնելով արտգործնախարարության աշխատակիցների թիվը՝ դա մեծ թիվ է համամասնության մեջ և նշանակում է, որ դիվանագիտական դպրոցի շրջանավարտներն սկսում են երևալ և որոշակի ազդեցություն ունենալ:
«Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է, բայց ո′չ միայն նրա համար, որ արտգործնախարարությունում են աշխատում. փնտրում են նաև արտգործնախարարությունում չաշխատողներին, նրանց էլ են ցանկանում ներգրավել պետական այլ կառույցներում:
Դիտարկմանը, թե վերջին ժամանակներում հաճախ է խոսվում, որ մենք չունենք օսմանագետներ և թուրքագետ-իրավաբաններ, ովքեր հարկ եղած դեպքում Թուրքիայում կներկայացնեն Հայաստանի շահերը, կարիք չկա՞, արդյոք, պատրաստել նման մասնագետներ, Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Ամեն տարի մեր շրջանավարտների մեջ կան մարդիկ, որոնք թուրքերեն գիտեն: Մենք հատուկ թուրքագիտություն չենք ուսուցանում, դա դիվանագիտական դպրոցի խնդիրը չէ, դա մասնագիտական ուղղվածություն է, որը մեր լիազորությունների մեջ չէ»:










