Մակեդոնիայում հատուկ գործողության ընթացքում 22 մարդ է մահացել, 37-ը՝ վիրավորվել

09:58 • 11.05.15

Ութ ոստիկան և առնվազն 14 ալբանացի է մահացել Մակեդոնիայի հյուսիսային Կումանովո քաղաքում զինված հանցավոր խմբավորման դեմ իրավապահ մարմինների հատուկ գործողության ընթացքում, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Գրոհայինների թվում են եղել Կոսովոյից, Ալբանիայից և Մակեդոնիայից էթնիկ ալբանացիներ:
Ինչպես նշել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվո Կոտևսկին, 37 ոստիկան վիրավորվել է:

 

Իրավապահները կասկածում են, որ «ահաբեկչական խմբավորումը» պատրաստվում էր հարձակումներ գործել մի շարք պետական հաստատությունների վրա: Իրավապահ մարմիններում պնդում են, որ հանցագործներն ունեցել են մեծ քանակությամբ զենք:

 

Գրոհայինների դեմ հատուկ գործողությունը ոստիկանությունը սկսել է մայիսի 9-ի առավոտյան Կումանովոյի թաղամասերից մեկում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ ալբանացիներով: Տասնյակ բնակիչների անվտանգության նկատառումներով տեղափոխել են հատուկ ապաստարաններ: Ինչպես նշել է Մակեդոնիայի ներքին գործերի նախարար Գորդանա Յանկուլովսկայան, հանցավոր խմբավորումից առնվազն 20 մարդ հանձնվել է ոստիկանությանը, մնացածները դիմադրություն են ցույց տվել: