Թուրքիայի` ԵՏՄ-ով հետաքրքրված լինելու մասին Նազաբաևի ասածը պետք է դիտարկել որպես էկզոտիկա. քաղաքագետ
Ղազախստանի նախագահը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել էկզոտիկ հայտարություններով, հետևաբար այն, որ Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում ԵՏՄ-ի հանդեպ, դրանց շարքից է և շուտով կարժանանա մոռացման: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ 40 երկիր , այդ թվում`Թուրքիան, ԵՏՄ հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում:
«Նախ՝ Թուրքիան ԵՄ-ի հետ ունի ազատ առևտրի ռեժիմ, ինչը դարձավ Թուրքիայի տնտեսական զարգացման գլխավոր գրավականը, և Թուրքիան երբեք այն չի վտանգի՝ հանուն ինչ-որ անհասկանալի գործընթացների»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը` պատասխանելով հարցին, թե չնայած խորը վերապահումներին, որ Թուրքիան երբեևէ կանդամագրվի ԵՏՄ-ին, տեսական մակարդակով որքա՞ն հավանական է Թուրքիայի անդամակցությունը ԵՏՄ-ին, և այդ պարագայում արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանի` այդ կառույցում մնալը:
Ռուբեն Մեհրաբյանը հավելեց, որ ո՛չ միայն Թուրքիայի պարագայում, այլև, առհասարակ, ԵՏՄ կառույցին պետք է մոտենալ վերապահումով, քանի որ այն, նրա խոսքով, ոչ թե ինտեգրացիոն կառույց է, այլ փաստացի դեինտեգրացիոն:
«Չնայած մակերեսի վրա կա ճտճտացող հռետորաբանություն, ինչ-որ տարբեր արարողություններ, հանդիպումներ, բայց իրականությունը հակառակն է: Այն դիկտատորների ակումբ է, իրենից ոչինչ չի ներկայացնում, միայն արգելակ է, խոչընդոտ, մի բանտ, որտեղից շատ արագ պետք է դուրս գալ»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրով նախատեսվա՞ծ է այս կառույցից պետությունների դուրս գալը, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ թեպետ նախատեսված է ընթացակարգ, որով պետք է անդամ պետությունների համաձայնությունը, այնուամենայնիվ, այն ի սկզբանե քաղաքական որոշում է, որը պետք է ներկայացվի այդ երկրի ղեկավարի կողմից:










