Ղրիմի անեքսիան սպառնալիք է եվրոպական խաղաղությանը. Մերկել
Մոսկվա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահություն է հայտնել, որ Ղրիմի անեքսիան, ինչպես նաև ռազմական գործողություններն Ուկրաինայի արևելքում սպառնալիք են եվրոպական խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտնել է կիրակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Ղրիմի հանցավոր և հակաիրավական անեքսիան, Ուկրաինայում ռազմական գործողությունները լուրջ հարված են հասցրել Ռուսաստանի և Գերմանիայի համագործակցությանը»,- ասել է Մերկելը։
Նշենք, որ Գերմանիայի կանցլերը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի պատճառով։ Նա Ռուսաստան է այցելել մայիսի 10-ին։
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։










