ԱՄՆ-ում վթարի պատճառով նավթամթերքը թափվել է Հուդզոն գետը
Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Indian Point էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո Հուդզոն գետն է թափվել մեծ քանակությամբ նավթամթերք:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է անձամբ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
«Կասկած չկա, որ տրանսֆորմատորային յուղը թափվում է Հուդզոն գետը, սակայն դրա ծավալի մասին ոչինչ չգիտենք»,- ասել է պաշտոնյան, ով այցելել է դեպքի վայր:
Հայտնի է, որ գետի մաքրման աշխատանքները կտևեն 1-2 օր: Իսկ բնապահպանական վնասները նվազագույնի հասցնելու համար իշխանություններն արդեն մի շարք միջոցառումներ են իրականացրել:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպի ֆոնին մի շարք բնապահպաններ կոչ են արել մեկընդմիշտ փակել էլեկտրակայանը:










