Սփյուռքի ներուժն օգտագործելու համար պետք է ազգային ինտեգրում և փոխադարձ վստահության. Սամվել Մանուկյան
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկը սփյուռքահայերին` ՀՀ-ի տնտեսությունը զարգացնելու համար 1000 դոլար ներդնել հայաստանյան բանկերում, «Նորավանք» հիմնադրամի խորհրդական Սամվել Մանուկյանն այդքան էլ տրամաբանական չի համարում:
Սփյուռքի ներուժն օգտագործելու համար, ըստ նրա, նախ՝ պետք է ազգային ինտեգրում և փոխադարձ վստահության, որի համար հատուկ կառույցներ է պետք ստեղծել:
«Ո′չ միայն ազգային ինտեգրման, այլև՝ Հայաստանում և Սփյուռքում փոխադարձ վստահության և միասին աշխատելու խնդիր կա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Նախ՝ պետք է լինի վստահություն, նոր միայն մնացած բաները»,-նշեց նա և հարց ուղղեց ՀՀ իշխանություններին՝ առաջարկներ ներկայացնելուց առաջ իրենց մասով ի՞նչ պարտավորություններ են պատրաստ ստանձնել:
«Պետք է լինեն ապացույցներ, որ այն, ինչ առաջարկվում է՝,անպայման կաշխատի, իսկ որոնք կլինեն այդ ապացույցները՝ ես չեմ կարող ասել: Իսկ մեկ միասնական նպատակ իրականացնելը նշանակում է, որ ամեն մի խումբ, ամեն մի շերտ պետք է զիջի իրենից, զոհաբերի: Սա համակարգային փոփոխությունների հայտնի փաստ է»,-ասաց նա և նշեց, թե այստեղ վերնախավը՝ քաղաքական թե տնտեսական, մեծ անելիք ունի:










