Զինադադարի հաստատումը Հայաստանի երկրորդ հաղթանակն էր. Վաղարշակ Հարությունյան
Քսանմեկ տարի առաջ՝ այս օրերին, Հայաստանի, Լեռնային Ղարբաղի և Ադրբեջանի միջև կնքվեց զինդադարի պայմանագիր: Թեև համաձայն մի շարք տեղեկատվական աղբյուրների՝ զինդադարը ուժի մեջ է մտել մայիսի 12-ին, սակայն պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, ով նաև համաձայնագրի տեքստի համահեղինակներից է, պնդում է՝ զինադադարը կնքվել է մայիսի 16-ին, իսկ ուժի մեջ մտել՝ հունիսի 1-ից:
«Շատերը չգիտեն, որ սա եղել է գործընթաց, որը սկսվել է փետրվարի 18-ին: Հետո Բիշքեկում մայիսի 6-ին ընդունվեց հռչակագիր, որով կոչ արվեց զինադադար հաստատել: Դրանից հետո ֆաքսով ուղարկվեցին պաշտպանության նախարարների ստորագրությունները՝ մայիսի 9-ից 12-ը: Դա եղել է երեք տողանոց նամակ, որտեղ կողմերը զինադադարի կնքման համաձայնություն էին տալիս, իսկ իրական համաձայնագիրն արդեն կնքվել է Մոսկվայում՝ մայիսի 16-ին, որտեղ նշված էին մի քանի կետեր ու հստակեցված՝ շփման գիծը»,-ասաց նա:
Անդրադառնալով համաձայնագրի բովանդակային կողմին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այն որևէ բաց կողմ չունի և չի կարող ունենալ, քանի որ նպատակը եղել է մեկը՝ կողմերը կնքում են զինադադար՝ հաստատված շփման գիծով:
«Այն որևէ հակասություն չունի այսօրվա հետ, զինադադարը հիմնականում պահպանվում է, իհարկե՝ կան հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս պայմանագիրը իր հիմնական նպատակին ծառայում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե բազմիցս կարծիք է հնչել, որ զինադադարի մասին համաձայնագիրը շահեկան էր Ադրբեջանին, և այն ամբողջովին չի պաշտպանում հաղթող կողմի իրավունքները, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ նման տեսակետներ հայտնում են մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն տեսել այդ պայմանագիրը և ծանոթ չեն 1994թ-ի ռազմաքաղաքական իրավիճակին:
«Սա զինադադարի մասին պայմագիր է, ոչ թե հակամարտության լուծման: Այստեղ պետք է նշվեր միայն, որ կողմերը համաձայն են ապահովել զինադադարը և շփման գիծը, այլ բան նշել հնարավոր չէր: Պայմանագրում ամենաբարդ հարցերից մեկը անժամկետ զինադադարի հաստատումն էր, ինչը մեզ հաջողվեց ու գործում է արդեն 21 տարի»,-ասաց նա:
Հարցին, թե որպես համահեղինակ՝ եթե խնդիր դրվեր այսօր հաստատել նոր զինադադար, ի՞նչ կփոխեր տեքստում կամ գուցե ավելացներ, նա պատասխանեց. «Ոչինչ, որովհետև այն ժամանակ ուսումնասիրվել են բոլոր հանգամանքներն ու այդ պահի ռազմաքաղաքական իրավիճակը, և կարող եմ ասել, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմից այդ պայմանագիրը ստորագրելը ճիշտ էր: Այո′, կա տեսակետ, որ զինդադարը պետք էր ադրբեջանցիներին, բայց բանակցություններին մասնակից էին Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի պաշտպանության նախարարները, որոնք բոլորը շատ լավ տիրապետում էին իրավիճակին, ես ինքս էլ էի լավ տիրապետում և կարող եմ ասել, որ համաձայնագիրը Հայաստանի երկրորդ հաղթանակն էր»:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ Ադրբեջանը խնդիր էր դնում զինադադարով արձանագրել ԼՂԻՄ-ի 1988թ-ի սահմանները և պարտադրել հայկական կողմին՝ հետ քաշել զորքերը:
«Իրենք այդպես մտածելով են ստորագրել պայմանագիրը, իրենք չեն հասկացել, թե ինչ են ստորագրել: Մեզ համար շահեկան էր, որովհետև մենք ֆիքսել ենք գործող շփման գիծը: Մենք այդ պայմանագիրը կնքելով՝ արձանագրել ենք երկրորդ հաղթանակը: Երբ պատրաստում էինք քարտեզը, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ իրենք պատրաստ չեն ստորագրել պայմանագիրը, որովհետև չկա հողերի վերադարձման մասին դրույթ: Պետք չէ զինադադարի կնքման հաղթանակը ներկայացնել իբրև պարտություն: Եվ, ի դեպ, սա միակ ստորագրված փաստաթուղթն է, որը ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը: Այլ նման փաստաթուղթ չկա, որը հավասարապես ստորագրած լինի նաև ԼՂՀ-ն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ նույն համաձայնագրի՝ ներկայում պարբերաբար խախտմանը, ապա Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ ընդհանրապես աշխարհում որտեղ կան հակամարտություններ, այնտեղ զինադադարները խախտվում են:
«Ադրբեջանը չի կարող սկսել լայնածավալ գործողություններ, որովհետև նախ՝ մեր բանակը մարտունակ է, հետո էլ ռազմաքաղաքական իրավիճակը Ադրբեջանին թույլ չի տա դա անել. ինքը բանակցություններում չի ուզում գնալ զիջումների և արդյունքում պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ փորձում է ստիպել հայկական երկու կողմերին՝ գնալ զիջումների»,-ասաց նա:










