ԵՄ-ն 2014 թվականին փախստականի կարգավիճակ է տրամադրել 185.000 մարդու

16:25 • 12.05.15

Եվրամիության անդամ երկրները 2014 թվականին փախստականի կարգավիճակ են տրամադրել ավելի քան 185 հազար փախստականի, ինչը մոտ 60 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

 

Եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» գործակալության տվյալների համաձայն՝ 2008 թվականից ի վեր ԵՄ երկրներն ապաստան են տրամադրել 750 հազար փախստականի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ավելի վաղ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են ողջ միության տարածքով փախստականների համար վայրեր հատկացնել: Բացի այդ, առաջնորդները որոշել են EASO ապաստանի հարցերով եվրոպական գրասենյակից խմբեր ուղարկել ԵՄ-ի արտաքին սահմաններին գտնվող և ներգաղթյալներ ընդունող երկրներ: Այդ խմբերն ընդունելու են ապաստան տրամադրելու մասին հայտարարությունները, ինչպես նաև մատնահետքեր են վերցնելու եկվորներից: