Նաիրիտ գործարանի աշխատակիցներն աշխատավարձերի վճարման պահանջով հավաքվել են նախագահականի դիմաց
«Նաիրիտ» գործարանի՝ կրճատված ու չկրճատված աշխատակիցները, ինչպես ամեն երեքշաբթի, այսօր ևս հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ նույն՝ աշխատավարձերի վճարման պահանջով։
Tert.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտարարեց. «Մեր պահանջը չի փոխվում, պարտքի մարումն է, գործարանի վերագործարկումը»:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները աշխատավարձերի 11-ից մինչև 17 ամսվա պարտք են հայտարարում, ինչպես օրինակ` գործարանի էլեկտրալաբորատորիայի նախկին ինժեներ Մանվել Ղևոնդյանը, որը ավելի վաղ ասել էր. «Միևնույն է՝ գալու ենք այնքան, մինչև աշխատավարձ ստանանք»։
Հիշեցնենք, որ «168 ժամի» տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն՝ այս տարիներին արդեն 19-րդ փոխտնօրեն է նշանակվել նախկինում երբևէ չաշխատած Պարգև Պետրոսյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչպես են գործարանում դիտում այն հանգամանքը, որ չաշխատող գործարանում փոխտնօրեն է նշանակվում, Անուշ Հարությունյանը նկատեց. «Ես էլ եմ այս մասին մամուլից իմացել, դե եղել,եղել է: Իհարկե, տհաճ է, որ այդ մարդը գործարանում չի աշխատել, օտար ինչ-որ մեկին բերել, նշանակել են փոխտնօրեն»:










