Նախարար Նալբանդյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին

18:40 • 12.05.15

Մայիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ նախարար Նալբանդյանը, ողջունելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության առաջին այցը Հայաստան, ընդգծել է, որ խորհրդարանական փոխայցելությունները կարևոր են երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։

 

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեռ 2004թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և կարևորել, որ պատգամավորները շարունակաբար հետևողական մոտեցում են ցուցաբերում այս հարցում։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանում 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձևի ընդունումը։

 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ժխտողականության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հոլանդացի պատգամավորները նշել են, որ այցի գլխավոր նպատակը Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացմանն իրենց նպատը բերելն է, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ծանոթանալը։ Հյուրերը հույս են հայտնել, որ խորհրդարանական պատվիրակության այցին կհետևեն այլ բարձրաստիճան այցեր Հայաստան։


Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։


Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոլանդացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ գործադրվող ջանքերը։