Ուկրաինայում 220 ռուս զինվոր է մահացել. Բորիս Նեմցովի զեկույցը
Ուկրաինայի արևելքում անցած տարվա օգոստոսից մինչև այս տարվա սկիզբ տեղի ունեցած մարտերի ընթացքում մահացել է առնվազն 220 ռուս զինվոր: Այդ մասին ասված է զեկույցում, որը պատրաստել էր փետրվարին սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: «Պուտին. Պատերազմ» զեկուցն ավարտել են նրա կուսակցական ընկերները, ովքեր երեքշաբթի օրը այն ներկայացրել են հանրությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զեկույցում նշվում է, որ 2014 թվականի օգոստոսին Իլովայսկի և Դոնբասի հակամարտության այլ կետերում մահացել է առնվազն 150 ռուս զինվոր, իսկ այս տարվա սկզբին Դեբալցևոյի շրջանում՝ ևս 70 զինծառայող:
Զեկույցը հիմնված է բաց տվյալների և մահացած զինվորների բարեկամներից Նեմցովի ստացած տեղեկությունների հիման վրա:
Զեկույցի վրա աշխատած տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոյի գնահատականով՝ Ռուսաստանը տասը ամիսների ընթացքում ուկրաինական պատերազմի վրա ծախսել է մինչև 53 միլիարդ ռուբլի:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայում փետրվարի 27-ի ուշ երեկոյան: Նրա մահից հետո հայտնի է դարձել, որ նա աշխատել է մի զեկույցի վրա, որը տեղեկություններ է պարունակում այն մասին, որ Ուկրաինայի արևելքում անջատողականների կողմից կռվում են ռուսական զորքեր:










